Ձմեռային ճամբար. առաջին շաբաթ

Հուլիսի 8-ին մեկնարկվեց երկրորդ ուսումնական շրջանը` ձմեռային ճամբարը։ Այս ուսումնական շրջանի համար ես ընտրել եմ ընկեր Էմանուելի ջոկատը։ Այդ օրը շատ հագեցած էր շփումներով։ Ծանոթացանք ջոկատի բոլոր ճամբարականների հետ և թիմային ինտելեկտուալ խաղեր խաղացինք` արդյունքում միմյանց ավելի լավ ճանաչելով։ Այդ օրը նաև մասնակցեցինք ազգային պարի դասին` վերհիշելով և սովորելով «Փափուռի» պարը։ Փափուռին չարխափան պար է. հայ ժողովուրդն այն պարել է բացասական և չար ուժերը խափանելու նպատակով։ Պարելն ինձ շատ դուր եկավ, քանի որ ես պարի մեծ սիրահար եմ, և ակտիվ ֆիզիկական աշխատանքը մեծ բավականություն պատճառեց ինձ։

Երկրորդ օրն, ինչպես ամեն օր, սկսեցինք ընդհանուր պարապմունքով։ Օրը սկսեցինք ֆիլմ դիտելով։ Դիտեցինք «Պելե. լեգենդի ծնունդ» ֆիլմը, որը գեղարվեստական և վավերագրական ֆիլմ էր ֆուտբոլի հայտնի արքայի` Պելեի մասին։ Ես ֆուտբոլով չեմ հետաքրքրվում, նույնիսկ մինչ ֆիլմը դիտելը չգիտեի Պելեի մասին, բայց դա ընդհանրապես ինձ չխանգարեց այն դիտելուն և հասկանալուն։ Ֆիլմը շատ լավ նկարահանված է, և շատ ուսուցանող էլեմենտներ ունի, մի վայրկյան, նույնիսկ, չձանձրացա։ Ինձ հատկապես դուր եկավ այն պահը, երբ Պելեն և իր ընկերները ֆուտբոլային խաղի ընթացքում հանեցին այն կոշիկները, որոնք ստիպված էին հագնել և իրենց ոտքի չափով չէին։ Կարծում եմ, որ այդ հանգամանքը ցույց էր տալիս նրանց յուրահատկությունը։ Դրանով նրանք հրաժարվեցին այլոց կողմից ընդունված լինելու գաղափարից։ Դրանից բացի շատ պահեր կային ֆիլմում, որոնք ինձ հուզեցին։ Իսկապես սիրեցի ֆիլմը։ Օրն ամփոփեցինք ինտելեկտուալ խաղերով։

Չորրորդ օրը սկսեցինք ինտելեկտուալ թիմային խաղերով։ Օրվա ընթացքում մասնակցեցինք ռազմամարզական պարապմունքի, որը վարում էին 12-րդ դասարանցիները։ Սկսեցինք շարքային պատրաստությամբ, նախավարժանքով, վերհիշեցինք զենքի ճիշտ պահելը և վարժանքներ արեցինք զենքերով։ Այնուհետև մեր ջոկատից մի թիմ մասնակցեց ինտելեկտուալ մրցաշարի, որը կազմել և վարում էր ընկեր Էմանուելը։ Հինգերորդ օրը ազգագրության փառատոնի շրջանակներում պատրաստեցինք Մեքսիկական ավանդական ուտեստ` կեսադիյա։ Նախագծի ամփոփումը տես` այստեղ։ Այնուհետև օրն ամփոփեցինք հետազոտական աշխատանքների խորհրդատվությամբ։ Այս շաբաթը շատ հագեցած և տարբեր գործունեություններով լի էր։ Ամեն ինչ շատ սիրեցի։

Leave a comment

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑